Սեպտեմբերի 13-ին «Երեւան-Արարատ» ճանապարհահատվածի սկզբնամասում մեկնարկել են «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարական աշխատանքները:
«Ճանապարհաշինական այս ծրագիրը, որն ունի պետական և տարածաշրջանային մեծ նշանակություն, խոշորագույններից մեկն է մեր անկախ հանրապետության պատմության մեջ: Այն հյուսիսից Հայաստանը կապելու է դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից միանալու է դեպի Ասիական տնտեսական և առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Մենք մանրամասն աշխատել ենք շինարարների հետ, նախագծերն արված են շատ լավ, և մինչև տարեվերջ բավականին մեծ աշխատանքներ կկատարվեն «Երևան-Աշտարակ», «Երևան-Արտաշատ» ճանապարհահատվածներում: Արդյունքում, մինչև 2016 թվականը կունենանք միջազգային կարգի բետոնածածկ արագընթաց մայրուղի «Արտաշատ-Երևան-Գյումրի» հատվածում», -լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Գագիկ Բեգլարյանը շեշտել է, նաև որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվելու է հայկական արտադրության հումք, արտասահմանից բերվելու են բոլորովին նորագույն տեխնիկաներ: Նախարարը նաև կարևորել է, որ ծրագրի շրջանակներում բացվելու են հազարից ավելի աշխատատեղեր, իսկ ճանապարհի կառուցումից հետո վարորդները մի քանի անգամ ավելի արագ կհասնեն նախատեսված վայր:
Նշենք, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին կնքվել է Շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն դոլարի ֆինանսավորում (ԱԶԲ մասը կազմում է 500 մլն դոլար):
Ծրագրի շրջանակներում նախատեսվել է «Երևան-Արտաշատ» շուրջ 20 կմ հատվածի լայնացում` միջին բաժանարար գոտու հաշվին մինչև 8 մ, ինչպես նաև ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով: Ճանապարհածածկի փոխարինում է նախատեսված նաև «Երևան-Աշտարակ» մայրուղու մոտ 11,5 կմ հատվածում, այնուհետև լայնացման աշխատանքներ` «Աշտարակ-Թալին» 42 կմ հատվածի երկու երթևեկելի գոտուց մինչև քառուղի:
Աշխատանքային ժամանակացույցով նախատեսվել է 18-ական ամիս` «Երևան-Արարատ», «Երևան-Աշտարակ» և 36 ամիս էլ` «Աշտարակ-Թալին» ճանապարհահատվածների շինարարության համար:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ